Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ Սու-30 ավիացիոն կործանիչների ձեռքբերումը, արդյունավետ օգտագործման դեպքում, Ադրբեջանի հետ սպառազինության ոլորտում բալանսը ապահովում է: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով Հայաստանի՝ Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման մասին:

«Բայց իհարկե չենք կարող բացառել, որ որոշ ժամանակ հետո Ադրբեջանը ևս նմանատիպ կործանիչ ձեռք բերի»,- ասաց նա՝ հավելելով, որ այստեղ էլ են առաջանում հարցեր, թե քանիսը կկարողանա վերջինս գնել, ինչպես կկարողանան դրանք օգտագործել և Հայաստանն ինչպես իր գնած կործանիչները կօգտագործի:

Հիշեցնեք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է:

Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել էին, որ հարցադրումները պարունակում են դասակարգված տեղեկատվություն, որոնց մի մասը կհրապարակվի գործարքի իրագործման համապատասխան փուլերում։

Հաղորդագրությունում նշվում էր նաև, որ ՌԴ կողմից սպառազինությունների ձեռքբերման նպատակով 100 միլիոն դոլար վարկի շրջանակում նախատեսված ձեռքբերումները գտնվում են իրականացման փուլում։

Կարեն Վրթանեսյանը հիշատակեց ռուսական «Կոմերսանտի» տեղեկատվությունը, ըստ որի, Հայաստանը 4 միավոր Սու-30 է ձեռք բերելու:

«Այդքանը այն մինիմումն է, որ կարող է արդյունավետություն ապահովել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ սպառազինության ձեռքբերման մասին գործարքները միշտ էլ քաղաքական տարր են պարունակում:

«Մեզ համար այս դեպքում ավելանում են լրացուցիչ ծախսեր և դժվարություններ, բայց նաև առավելություն ենք ձեռք բերում:

Կարիք է լինում դրան լրացնող միջոցներ ձեռք բերել, իդեալական կլիներ, որ Հայաստանի մի ապահով վայրում նոր ռազմական օդանավակայան լիներ: Այստեղ հարցը պարզապես այն է, թե որքանով այդ միջոցները կինտեգրվեն մեր բանակում և որքանով արդյունավետ կօգտագործվեն»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե կարելի է այս գործարքը համարել նաև հայ-ռուսական հարաբերություններում այդքան քննարկված լարվածության վերացում, Կարեն Վրթանեսյանը հիշատակեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան էլ ունեցան բացահայտ կոնֆլիկտ, սակայն, այնուամենայնիվ, Թուրքիայում Ռուսաստանի օժանդակությամբ կառուցվող ատոմակայանի ծրագիրը չկանգնեց:

«Կամ ռուսները, իմանալով, որ ինչ-որ պահի թուրքերը կարող են նաև դա իրենց դեմ կիրառել, վաճառում են նրանց հակաօդային պաշտպանության համակարգեր, որովհետև խնդիր ունեն իրենց ռազմարդյունաբերությունը կանգուն պահելու»,- ասաց նա:

Հայաստանի հետ գործարքի մասին էլ, ըստ Կարեն Վրթանեսյանի, քննարկումները սկսվել են շատ ավելի վաղուց՝ մինչև Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխությունը:

«Ակնհայտ էր, որ ռուսներին էլ էր այդ գործարքը պետք, որ գործարանը չփակվի»,- ասաց նա:

Խոսելով հայոց բանակում համալրման անհրաժեշտություն զգացող միջոցներից՝ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ լավ կլիներ, որ սկսած հակատանկային ժամանակակից միջոցներ ձեռք բերելուց, ոչ միայն փոքր, այլ նաև մեծ անօդաչու սարքերը զարգացնելուց, վերջացրած կապի միջոցներ ձեռք բերելը, իրականացվեր:

«Մենք պետք է բոլորի հետ փորձենք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցել: Սակայն այստեղ հարցն այն է, թե գին-արդյունավետություն, գին-որակ համադրությունում մեզ համար ուրիշ ինչ հարմար տարբերակ կա,- ասաց նա՝ նկատելով, որ այստեղ է, որ այդ առումով մեզ համար առավել նպատակահարմար է Ռուսաստանի հետ համագործակցելը,- մենք չունենք մեծ ընտրություն՝ ֆինանսական, արդյունավետության, ենթակառուցվածքների առումով: Նույն ՆԱՏՕ-ական ստանդարտներին անցնելը ամբողջ ենթակառուցվածքը պահանջելու է փոխել: Եվ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ շարունակում են օգտագործել Սովետական Միությունից մնացած ծանր սպառազինությունը: Հայաստանը միշտ էլ փորձում է ռազմարդյունաբերական համագործակցության եզրեր ունենալ Չինաստանի և մի շարք այլ երկրների հետ»,- ասաց նա: