ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2019թ-ին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու:

Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչպես է փոխհատուցվելու գազի գնի բարձրացումը այն դեպքում, երբ դեռ ՌԴ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ սուբսիդավորում բյուջեից չի լինելու, վարչապետն ասել է, որ «Գազպրոմ Արմենիայի» առաջ դրվել է օպտիմալացման հարց:

«Պետությունը գազ չի գնում, գազը Ռուսաստանից գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իսկ պետությունը գործ ունի Հայաստանի սպառողների հետ և մենք ասել ենք, որ 2019թ-ի ընթացքում գազի գինը չի բարձրանալու: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը: Այդ քննարկումները պետք է իրականացնենք ու պաշտպանենք Հայաստանի շահերը: Մենք այս պահին խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու այդ համակարգի օպտիմալացման ու կառավարման արդյունավետության բարձրացման: Այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք», - ասել է Փաշինյանը: