Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը զբաղվում է օպտիմալացվող նախարարությունների ուսումնասիրությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ կառավարության աշխատանքների օպտիմալացումն առաջին հերթին գործընթացների արագացման ու արդյունավետության բարձրացման նպատակ ունի: Դրա հետևանքով, ըստ նրա, կադրերի կրճատումներ կլինեն:

«Բայց որպեսզի գնահատականը հստակ լինի, փոխվարչապետի գրասենյակն այս օրերին զբաղվում է վերակառուցման գործընթացում ներգրավված բոլոր նախարարությունների ֆունկցիոնալ ուսումնասիրության գործով: Այդ գործընթացի արդյունքում մենք կհասկանանք, թե քանի հոգի կկրճատվի, քանիսը մի տեղից այլ տեղ կտեղափոխվի: Սրանով արձանագրում ենք, որ կարևորագույն բանն այս պահին դա ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, ինչի արդյունքում պետական կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ կաշխատի»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը:

Նա նաև հայտնեց, որ օպտիմալացման արդյունքում իրենց աշխատանքը կորցրած աշխատակիցների հետ կառավարությունը կապ կպահպանի, կգույքագրեն նրանց տվյալները: