Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում այս տարի ավարտին կհասնի 50 նոր բնակելի տների կառուցումը։ Այս մասին հայտարարել է Արցախի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով վերաբնակեցման և վերաբնակեցված բնակավայրերի զարգացման մասին լրագրողների հարցերին:

Նա ընդգծել է նաև, որ շարունակվում են աշխատանքները Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի զարգացման ուղղությամբ՝ որպես տեղական նշանակության կենտրոն և աշխատաշուկա։

«Սահմանադրական փոփոխություններից հետո՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն այս տարվա ընթացքում տնօրինելու է ավելի մեծ բյուջետային միջոցներ, որոնք, նախագահի հանձնարարությամբ, ուղղվելու են նաև վերաբնակեցված համայնքների զարգացմանը,- նշել է նախարարը։

Արցախի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ա. Հարությունյանն ասել է, որ Իշխանաձորից զատ՝ շինարարական աշխատանքներ ենք իրականացնելու նաև Քաշաթաղի շրջանի Կովսական և Միջնավան քաղաքներում:

«Զարգացման ծրագրեր ունենք Հադրութի շրջանի Արաքսավան և Առաջամուղ արաքսամերձ գյուղերում։ Առաջիկայում նախատեսվում է Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակարանային ֆոնդի մեծացում, ինչպես նաև՝ շրջանում նոր տնտեսական նախագծերի իրականացում մասնավոր ներդրումներով»,-ասել է պետնախարարը: