ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որտեղ ներկայացված է պետական ծառայողների օպտիմալացման ընթացիկ վիճակը:

Գրառման մեջ ասվում է.

«Ըստ փոխվարչապետի և ֆինանսների նախարարի՝ տուժվում են 10 000 ՀՀ քաղաքացիներ, շահում է հայոց պետականությունը... Այնքան շոկային էր, որ սկզբում չէի հավատում, որ սա կարող է իրականություն լինել։ Ինչպես ասում են` գրությունը մեկ անգամ ամբողջովին կարդալն է ճիշտ։ Կարծում եմ այս երկու մեջբերումներն արտահայտում են «հպարտ քաղաքացիներին անմնացորդ ծառայող» կառավարության ողջ էությունը.

«…Անգամ, եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ (տուժվեն), ապա դրանից շահելու է հայոց պետականությունը և ողջ հասարակությունը՝ մոտ 3 միլիոն ՀՀ քաղաքացի… 10 օրվա ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացնել գործողությունների համալիր և սպառիչ ծրագիր՝ առանց կաշկանդվելու գործող իրավական կարգավորումներով»։

Հովհաննիսյանը նշել է, որ այդ մեջբերումները առաջացնում են առնվազն հետևյալ հարցերը.

«• Արդյոք Նիկոլ Փաշինյանի և ողջ Կառավարությա՞ն, թե՞ միայն դրա որոշ անդամների դիրքորոշումն է, որ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներն են, որոնց պատճառով մսխվում է կամ որոնք մսխում են բազմաչարչար պետական գանձարանը։

• Ի՞նչ հավելյալ արդյունք են ստեղծել, օրինակ այն 88 պատգամավորները, որոնք այնտեղ են հայտնվել այս քաղաքացիների շնորհիվ նաև։

• Արդյոք Հայոց պետականության ծաղկման, տնտեսական հեղափոխության և տնտեսական թռիչքաձև աճի ճանապարհին կանգնած միակ կամ հիմնական խոչընդոտը այս 10 հազար քաղաքացինե՞րն են։

• Արդյոք Կառավարությունը, որի ներկայիս անդամները նախկինում սիրում էին պնդել, որ Հայաստանում ընտրությունները կեղծված են, որովհետև երկրում մարդ չկա, ընդունու՞մ են, որ Հայաստանում կա երեք միլիոն մարդ։ Թե նրանք պնդում են, որ հետհեղափոխական հրաշալի 10 ամիսները անտեսանելիորեն Հայաստան են բերել հարյուր հազարավոր մարդկանց։

• Ո՞ր պահից Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին դարձավ հավելյալ արդյունք չստեղծող, ո՞րտեղ է այն նուրբ սահմանը, որով տարանջատվում է հավելյալ արդյունք չստեղծողը հպարտ քաղաքացուց։

• Արդյոք փոխվարչապետը և ֆինանսների նախարարը պատրաստվում են ներողություն խնդրել իրենց այս ձևակերպման համար, թե՞ Նիկոլ Փաշինյանը դա կանի իր և մյուսների փոխարեն։

• Եվ ամենակարևորը` նշանակում է արդյոք, որ «գործող իրավական կարգավորումներով» չկաշկանդվելու հրահանգ-կոչը դառնում է համատարած, թե՞ շարունակենք բավարարվել միայն ՀՔԾ-ի պետի կողմից մարտի մեկի և այլ գործերի առնչությամբ իրավունքի հետ աղերս չունեցող ձևակերպումներով, ԱԱԾ-ի կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելու դրսևորումներով, Դավիթ Սանասարյանի իրականացրած հուժկու ու սուպերիրավական վերահսկողությամբ»:

«Իրականում, հստակ է մի բան։ Այս ամիսները վկայությունն են, որ Հայոց պետականության համար վտանգավոր են միայն ՀՀ Կառավարությունում և Ազգային ժողովում ծվարած մի շարք նորանշանակ պաշտոնյաներ, որոնց պատճառով շատ ենք տուժՎելու (էդպես էլ չիմացանք, նորանշանակները ինչու՞ են շատ սիրում աղավաղել հայերենը)»,- ասվում է գրառման մեջ։

Արփինե Հովհաննիսյանը գրել է նաև, թե հետաքրքիր է՝ ինչպիսին է լինելու վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը այս փաստաթղթին, թեև գիտի, «թե ինչպիսն է եղել նրա պաշտոնական արձագանքը»։

«Հ.Գ. Որ քաղաքացու օր էիք ուզում հռչակել, դրա մեջ այս 10000 քաղաքացիները մտնում են, թե՞ ոչ: Հ.Գ. Հաշվել ե՞ք, թե որքան մարդ է կանգնած այս մարդկանց հետևում, թե՞ նրանք էլ են հավելյալ արդյունք չստեղծող: Հ.Գ. Գիտեմ, որ ձեզ քվե են տվել, որ օպտիմալացնենք (դա ձեր ֆանտաստիկ ինտերպրետացիան է), իսկ կասեք՝ արդյո՞ք քվե տվել են իրենց այսպես վիրավորելու ու ծաղրելու համար»,- ասվում է գրառման մեջ: