Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը:

Այս մասին հայտնել է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ շաբաթ օրն արված հայտարարությանը: Գրում է «Արմենպրես»-ը։

Ներսիսյանը հավելել է նաև, որ բանակցային ամենաարդյունավետ ձևաչափի վերականգնմանը հակազդելը հնարավոր է մեկնաբանել որպես հակվածություն՝ պահպանելու ստատուս քվոն:

«Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցաբերում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»,- նշել է ԱՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ըստ ԵԱՀԿ ՄԽ-ի՝ մարտի 9-ին արված հայտարարության՝ ԼՂ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Ըստ համանախագահների՝ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի 2009-2012թթ. համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերը, որոնք ենթադրում են Արցախը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ ապահովող միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար, ՀՀ-նն և ԼՂ-ն կապող միջանցք, իրավական տեսանկյունից կամքի պարտադիր դրսևորման միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, խաղաղապահ գործողություն ներառող միջազգային անվտանգության երաշխիքներ: