Անդրադառնալով Նոր Զելանդիայում այս շաբաթ տեղի ունեցած ահաբեկչությանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դրան հաջորդած հայտարարություններին՝ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել վերջ դնել Գալիպոլիի ուխտագնացությանը:

«Որպես ամերիկահայ, ում նախնիներն անձամբ ականատես են եղել վայրագություններին, Գալիպոլիի ճակատամարտի օրվան նվիրված ուխտագնացությունը միշտ դիտարկել եմ որպես թուրքական քարոզարշավ: Ես հարգում եմ իրենց զոհված հերոսներին հարգանքի տուրք մատուցող ընտանիքներին, սակայն չեմ վստահում ժամանակակից Թուրքիայի ղեկավարների մտադրություններին», - ասվում է Թանկյանի Newshub-ում հրապարակված հոդվածում:

Վերջինս նշել է, որ Էրդողանն իր նախընտրական ելույթների ժամանակ օգտագործում է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կադրերը՝ բացահայտ ահաբեկելով նորզելանդացիներին և ավստրալացիներին.

«Ձեր նախնիները եկան, նրանցից ոմանք հետ դարձան դագաղներում: Եթե դուք գաք ինչպես ձեր նախնիները, վստահ եղեք, որ կհեռանաք նրանց նման»:

«Ես մի հարց ունեմ ողջ աշխարհում որոշում կայացնողներին. ի՞նչ է պետք ձեզ հասկանալու համար, որ մի բռնակալ, որը բանտարկում է լրագրողներին, ընդդիմության առաջնորդներին և փոքրամասնություններին, հասանելիություն է ապահովել ԻՊ-ի համար Ստամբուլի հիվանդանոցներում և սրճարաններում, հեռացրել է ավելի քան 100 000 ուսուցչի, ոստիկանի և ակադեմիկոսների և խստիվ հերքում է հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը և կշարունակի ապակայունություն ստեղծել ողջ տարածաշրջանում և աշխարհում: Իսկապես, ինչի՞ եք դուք սպասում: Գուցե ևս մեկ ցեղասպանությա՞ն», - գրել է Թանկյանը:

«Ե՞րբ է գալու ժամանակն ասելու. «բավական է»: Մենք չենք պատրաստվում համաձայնել բռնակալի հետ առևտրի, աշխարհաքաղաքական առավելության կամ ռազմական ուղղաթիռների վաճառքի համար: Նոր Զելանդիան ԱՄՆ չէ և պետք է առավել բարոյական ուղի ընտրի», - եզրափակել է Նոր Զելանդիայում գտնվող երաժիշտը: