Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Բակո Սահակյանը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում շարունակվելու են աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:

«Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի՝ որպես բանակցության լիիրավ կողմի մասնակցությամբ»,- շեշտել է Բակո Սահակյանը: